Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի դեսպանին
Փետրվարի 13-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին:
Շնորհավորելով դեսպանին նոր նշանակման առիթով` Նորին Սրբությունն արդյունավոր գործունեության իր բարեմաղթանքները փոխանցեց նրան: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նկատեց, որ դարավոր բարեկամական հարաբերությունները երկու ժողովուրդների միջեւ այսօր առավել զարգանում են` ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս դեսպանի իր շնորհակալությունը հայտնեց Իրանի իշխանությունների հոգատար եւ բարյացակամ վերաբերմունքի համար Իրանում բնակվող հայորդիների հանդեպ: Նորին Սրբությունն ուրախությամբ արձանագրեց նաեւ, որ սերտ հարաբերություններ են ձեւավորվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան միջեւ, ինչը համագործակցության նոր հորիզոններ է բացում հատկապես կրթական եւ մշակութային ոլորտներում:
Իր հերթին, դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նկատեց, որ մինչ դեսպան նշանակվելը տարբեր պատվիրակությունների կազմում բազմիցս այցելել է Հայաստան: Դեսպանը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ պիտի ջանքերը ծառայեցնի երկու պետությունների համագործակցության առավել սերտացնամը եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: