Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին
Օգոստոսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Ողջունելով դեսպանի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը շնորհավորեց տիար Ռեիսիին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները սերտ են, իսկ երկրների համագործակցությունն ընդգրկում է նորանոր ոլորտներ: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաեւ Մայր Աթոռի եւ Իրանի դեսպանատան միջեւ ձեւավորված կապերին եւ համագործակցությանը, մասնավորապես միջմշակութային ու միջկրոնական երկխոսության զարգացման եւ կրթական համատեղ ծրագրերի իրականացման գործում:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս դեսպանի սրտակցություն հայտնեց Իրանի իշխանություններին վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով տեղ գտած ավերածությունների եւ բազմաթիվ զոհերի համար: Իր հերթին Իրանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայ Եկեղեցու, հայոց պետության ու ժողովրդի վշտակցության եւ ցուցաբերված օգնության համար:
Հանդիպմանը Նորին Սրբությունն ու Իրանի դեսպանը խոսեցին նաեւ իրանահայ համայնքի, դեպի հայկական սրբավայրեր կատարվող ուխտագնացությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության պահպանության գործում հոգեւոր առաջնորդների կարեւոր դերակատարության մասին: Մասնավոր անդրադարձ կատարվեց Սիրիայում տիրող իրավիճակին: Վերստին մտահոգություն հայտնելով ստեղծված կացությամբ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նշեց. «Տեղյակ ենք, թե ինչպիսի դժվարությունների է դիմագրավում Սիրիայի ժողովուրդը, որի անբաժան մասն է կազմում պատմական սիրիահայ համայնքը. ընդհատվում են մարդկային կյանքեր, ավերվում են տներ եւ սրբավայրեր: Չարիք է պատերազմը, եւ Աստծու դեմ գործվող մեղք: Աղոթում ենք, որ խնդիրները գտնեն իրենց շուտափույթ հանգուցալուծումը, վերականգնվի ժողովրդի խաղաղ եւ ապահով կյանքը»: