Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարարին
Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Հանդիպմանը բարի գալուստ մաղթելով հյուրերին համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ ձեւավորվող համագործակցությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է ոչ միայն պետական, այլեւ եկեղեցական մակարդակով, որի վկայությունն են Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ՀՀ Զինված ուժերում հոգեւոր հովվությանը: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ այսօր չորս տասնյակից ավելի եկեղեցականներ իրենց հոգեւոր ծառայությունն են բերում հայոց բանակում: Նորին Սրբությունը նաեւ նշեց, որ բանակի հոգեւոր սպասավորները պարբերաբար հնարավորություն են ունենում ծանոթանալու այլ երկրներում նույնանման կառույցների փորձառությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Իտալիայի Պաշտպանության նախարարը խոսեցին նաեւ եկեղեցի-պետություն հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին: