Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էմիր Կուստուրիցային
Մարտի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սերբ նշանավոր կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցային` ուղեկցությամբ տիկ. Կուստուրիցայի եւ ռոք նվագախմբի երաժիշտների:
Ողջունելով նշանավոր արվեստագետի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցին եւ նրա կարեւոր դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում, ազգային-հոգեւոր արժեքների եւ ազգային ինքնության պահպանության գործում: Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Եկեղեցու ազգային դիմագծին եւ այն հսկայական ներդրմանը, որ Հայ Եկեղեցին ունեցել է հայկական մշակույթի կերտման եւ զարգացման գործում:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը վերհիշեց իր հանդիպումը հայտնի կինոռեժիսորի հետ այս տարվա հունվարին Մոսկվայում, երբ Նորին Սրբությանը եւ Է. Կուստուրիցային Ուղղափառ ժողովուրդների միաբանության միջազգային հիմնադրամի կողմից հանձնվեց Ալեքսի Բ պատրիարքի անվան 2009թ. մրցանակ` հարակության կյանքում հոգեւոր արժեքների հաստատման եւ ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Իր խոսքում նշանավոր ռեժիսորը նշեց, որ իր համար հաճելի է լինել Հայաստանում եւ ծանոթանալ մի ժողովրդի հետ, որն իր կրած տառապանքներով նման է սերբ ժողովրդին: Է. Կուստուրիցան անդրադարձավ նաեւ հոգեւոր արժեքների կարեւորությանը` շեշտելով, որ հոգեւոր մեծ ներուժ է տեսնում Հայաստանում: Այնուհետեւ ռեժիսորը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց իր առաջիկա անելիքները:
Հանդիպման ավարտին ողջ նվագախումբն այցելեց Վեհարանի թանգարան` ծանոթանալով հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային արժեքներին: