Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 27-րդ համաժողովի մասնակիցներին
Հոկտեմբերի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 27-րդ համաժողովի շուրջ 150 մասնակիցներին` ուղեկցությամբ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի:
Ողջունելով համաժողովի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին` Ամենայն Հայոց Հայրապետը նրանց ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր կենտրոնի պատմությունը եւ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Անդրադառնալով համաժողովի` «Տուժողներ` կարգավիճակը, իրավունքները եւ օժանդակությունը» թեմային` Նորին Սրբությունը մասնավորաբար ասաց. «Այսօր տուժածների իրավունքների եւ օգնության խնդիրը որպես մարդկությանը հուզող հրատապ հարց նաեւ դարձել է ձեր քննարկումների նյութ, սակայն այդ խնդիրը ուղեկցել է Եկեղեցուն հիմնադրման առաջին իսկ օրից, առաջին քրիստոնեական համայնքների ձեւավորման շրջանից: Միշտ եկեղեցականն առնչվել է այդ խնդիրներին եւ փորձել իր օգտակարությունը, զորակցությունը բերել նման իրավիճակներում գտնվող մարդկանց»: Նորին Սրբությունը նշեց, որ ներկայիս աշխարհի բարդ իրավիճակներում եւ զարգացումներում այդ երեւույթներն ավելի մտահոգիչ են իրենց ընդգրկումով եւ հաճախակի դրսեւորմամբ, եւ այսօր Եկեղեցին իր առաքելության հիմնական ոլորտներից մեկն է դիտում տուժողներին օգտակար լինելը: Այդ համատեքստի մեջ Վեհափառն առավել կարեւորեց երեւույթի հոգեբարոյական հետեւանքների վերացման անհրաժեշտությունը, ինչում պետք է Եկեղեցին օգտակարություն ցւցաբերի: