Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին  18.04.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին

     Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
     Ողջունելով Թորբյորն Յագլանդի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նորին Սրբությունը նշեց, որ Հայաստանի ներկայությունը Եվրոպայի խորհրդում մեծապես նպաստում է երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, ինչը քրիստոնեական արժեհամակարգի կարևոր բաղկացուցիչներից մեկն է:
     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորաբար մտահոգություն արտահայտեց «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների գործադրության առնչությամբ  եվրոպական տարբեր կառույցների կողմից առնվող որոշումների կապակցությամբ` ընդգծելով, որ նման պարագաներում հարկ է նկատի առնել տվյալ երկրի առանձնահատկություններն ու կացությունը:
     Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հավատի և կրոնի նկատմամբ հասարակության վերաբերմունքին, տարածաշրջանային խնդիրների լուծման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում տարածաշրջանի հոգևոր առաջնորդների գործադրած ջանքերին, ինչպես նաև միջկրոնական երկխոսության կարևոր դերակատարությանը: