Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ փոխնախագահին
Ապրիլի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխային:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Եվրամիության կառույցների եւ ՀՀ իշխանությունների միջեւ ձեւավորված կապերի եւ համագործակցության առնչությամբ: Ապա անդրադարձ կատարվեց ներկայիս կյանքի մարտահրավերներին եւ դրանց լուծման ուղիներին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ համաշխարհայնացման գործընթացները, տարբեր օտարամուտ երեւույթներ խաթարում են հասարակության հոգեւոր առողջ ընկալումները եւ կյանքը, որ դարեր շարունակ խարսխված է եղել քրիստոնեական արժեքների վրա: Ամենայն Հայոց Հայրապետը հաստատեց, որ միայն ամուր հոգեւոր-բարոյական արժեհամակարգի ձեւավորմամբ հնարավոր կլինի հաղթահարել բոլոր տեսակի մարտահրավերներն ու դժվարությունները:
Իր հերթին Խ.Մ. Օրեխան խոսեց Եվրոպայում ավանդական արժեքների վերականգնման անհրաժեշտության մասին` նշելով, որ Քրիստոնեական Եկեղեցու հոգեւոր առաջնորդները մեծ դեր ունեն Եվրոպայի կյանքում քրիստոնեական արժեքները վերստին ներկայություն դարձնելու գործում: Այս առումով պրն. Օրեխան մեծապես կարեւորեց Եկեղեցիների միջեւ երկխոսությունը:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ համայնքային կյանքի, քրիստոնեական դաստիարակության կարեւորության մասին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Օրեխային` հոգեւոր-բարոյական արժեքների պաշտպանության եւ պահպանության գործում ցուցաբերած իր նախանձախնդրության եւ ջանքերի համար: