Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրանեստի հանձնաժողովի պատգամավորների պատվիրակությանը
Փետրվարի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի պատգամավորների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Աժ պատգամավոր, հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանի: Ողջունելով պատվիրակության անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայաստանը և Եվրոպան կրողն են մի արժեհամակարգի, որի հիմքում ընկած են քրիստոնեական արժեքները, որոնք այսօր էլ պիտի շարունակեն հիմք ծառայել համագործակցության և կյանքի հետագա զարգացման համար: Վեհափառ Հայրապետը նաև կարևորեց հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները սոցիալական, մշակութային և կրթական ոլորտներում` մաղթելով նորանոր հաջողություներ հանձնաժողովի առաքելությանը: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նման ժողովների անցկացումը և փորձառության փոխանակումը մեծապես կնպաստեն Հայաստանի առջև ծառացած տարբեր մարտահրավերների հաղթահարմանը և երկրի առաջընթացին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներգրավվածությանը խաղաղասիրական առաքելության մեջ, կարևորվեցին մարդկանց և ազգերի միջև սիրո, համերաշխության և փոխըմբռնման ոգու հաստատմանն ուղղված ջանքերը: Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին` Նորին Սրբությունը տեղեկություններ հաղորդեց Հայոց Եկեղեցու պատմության, կառուցվածքի, տարբեր երկրներում գործունեության վերաբերյալ: Հայոց Հայրապետը խոսեց նաև Քույր Եկեղեցիների հետ Հայոց Եկեղեցու հարաբերությունների, ինչպես նաև երիտասարդության հետ տարվող աշխատանքների մասին: Ընդունելությունից հետո պատվիրակության անդամներն այցելեցին Մայր Տաճար, ապա Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն: