Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորին
Դեկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Տոմաշ Պորեբային` ուղեկցությամբ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանի:
Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ 1915թ. Հայոց ցեղասպանության եւ խորհրդային աստվածամերժության տարիներին Հայ Առաքելական Եկեղեցու կրած դժվարություններին, որոնց հետեւանքները դեռ զգալի են նաեւ նորօրյա ժամանակներում: Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ այն համագործակցությանը, որ իրականացվում է տարբեր ոլորտներում` ի բարօրություն ժողովրդի:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ տարածաշրջանային տարբեր խնդիրների եւ դրանց հաղթահարմանն ուղղված Հայ Եկեղեցու ջանքերի մասին: Մասնավոր անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, Ադրբեջանում հայկական մշակութային արժեքների ոչնչացման եւ Վրաստանում հայոց եկեղեցիների վերադարձման, ինչպես նաեւ Վիրահայոց թեմի իրավական կարգավիճակին խնդիրներին: