Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց   Եվրախորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներին  26.04.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներին

     Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի:
     Կարևորելով Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի ձևավորումը` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց այն ջանքերը, որ խմբի անդամները ներդնում են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և Հայաստանի` Եվրամիությանն անդամագրվելու գործընթացի ուղղությամբ:
     Ի դեմս խմբի անդամների Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, պետություններին և անհատ անձանց, ովքեր կարևոր ներդրում են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումը կնպաստի նաև մարդկության կյանքում տեղ գտնող նման երևույթների կանխմանը:
     Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հաջողություն մաղթեց Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի առաքելությանը` նշելով, որ թեև այն ուղղված է Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների սերտացմանը, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, սակայն դուրս է գալիս այդ սահմաններից և համամարդկային բնույթ ստանում` ի նպաստ արդար ու խաղաղ աշխարհի կառուցման: