Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության ղեկավար խորհրդի անդամներին
Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության (ACT Alliance) ղեկավար խորհրդի անդամներին` ուղեկցությամբ խորհրդի անդամ, ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանի:
«Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության խորհուրդը` բաղկացած քրիստոնեական տարբեր կառույցների և կազմակերպությունների 19 ներկայացուցիչներից, իր հերթական տարեկան ժողովը գումարել է Հայաստանում:
Հանդիպմանը խորհրդի անդամներին Նորին Սրբությանը ներկայացրեց տիար Կ. Նազարյանը` տեղեկացնելով, որ համադաշնությունն իր գործունեությունն իրականացնում է հիմնականում երեք ուղղություններով, որոնք են` արտակարգ իրավիճակներում օգնության մատակարարման, զարգացման և դիակոնիայի ծրագրերի իրականացման, սոցիալապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտները:
Այնուհետև խորհրդի անդամների անունից խոսք ասաց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության կառավարող խորհրդի համակարգող Սուշանթ Ագարվալը (Հնդկաստան)` շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետի ընդունելության և օրհնության համար: Վերջինս, անդրադառնալով կազմակերպության առաքելությանը, նշեց, որ խորհրդի անդամները, ներկայացնելով տարբեր աշխարհամասեր, Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու մաս են կազմում և իրենց ջանքերն են ուղղում արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածների, ինչպես նաև աշխարհի զանազան հատվածներում տառապող ու չարչարվող անձանց զորակցությանը:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության ստանձնած առաքելությունը և նրա օգտաշատ գործունեությունը:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս շրջանում, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների պատճառով խաթարվել է հայոց սահմանների անդորրը, տասնյակ երիտասարդներ են զոհվել և բազում հայորդիներ հարկադրված դարձել գաղթական, համադաշնության ղեկավար խորհրդի ժողովի անցկացումը Հայաստանում դիտարկվում է իբրև առանձնահատուկ ներդրում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:
Այս կապակցությամբ Գարեգին Բ Վեհափառը, ներկայացնելով Հայոց Եկեղեցու կողմից ի զորակցություն Արցախի իրականացված ծրագրերը, իր հայրապետական գնահատանքը փոխանցեց նաև ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամին ու Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությանը վերջին օրերին Արցախի ժողովրդին ցուցաբերած նյութական աջակցության համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը զորացնի Իր Ս. Եկեղեցին, որպեսզի այսօրինակ մարդասիրական ծառայությունների շնորհիվ կերտվի առավել բարօր աշխարհ` խարսխված ազգերի, ժողովուրդների ու կրոնների միջև փոխադարձ սիրո ու համերաշխության վրա:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Սիրիայի ժողովրդին և հայ համայնքին Հայոց Եկեղեցու կողմից ցուցաբերվող զորակցությանը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծ. վարդապետ Անանյանը: