Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՀԽ «Հավատք եւ կարգ» հանձնախմբի գործադիր վարչությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՀԽ «Հավատք եւ կարգ» հանձնախմբի գործադիր վարչությանը 21.06.2010

Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար

Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՀԽ «Հավատք եւ կարգ» հանձնախմբի գործադիր վարչության 31 անդամներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հանձնախմբի գործադիր վարչության անդամներին, անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ միջեկեղեցական կազմակերպությունների, մասնավորապես` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի միջեւ առկա ջերմ հարաբերություններին ու համագործակցությանը:

Այնուհետեւ հանձնախմբի մոդերատոր Միտրոպոլիտ Վասիլիոսը (Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցի), շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ջերմ հյուրընկալության համար, ներկայացրեց հանձնախմբի առաջիկա անելիքները, հանձնախմբի վերակազմավորման հետ առնչված հարցերը:

Ապա հյուրերին իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` բարի գալուստ մաղթելով նրանց համայն հայության հոգեւոր կենտրոն: Նորին Սրբությունը հանձնախմբի անդամներին ներկայացրեց Հայոց Եկեղեցու ներկայիս իրավիճակը, մարտահրավերները եւ գործունեությունը տարբեր ոլորտներում: Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց միջեկեղեցական հարաբերություններին` մաղթելով, որ Աստծո սերը ներկա լինի դրանցում եւ միավորի Քրիստոսի Ս. Եկեղեցին: Հայոց Հայրապետը նաեւ գոհունակությամբ նկատեց, որ վարչության անդամների ներկայությունը Հայաստանում առիթ կտա ճանաչելու Հայ Եկեղեցին եւ հայոց հոգեւոր կյանքը, ինչպես նաեւ կքաջալերի հավատավոր հայորդիներին եւ կզորացնի նրանց հավատը:

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց եկեղեցականների հարցերին: