Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամներին
Սեպտեմբերի 26-ին Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի անդամներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի եւ ԵՀԽ գործադիր կոմիտեի անդամ Տ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի:
Գործադիր կոմիտեի անունից Վեհափառ Հայրապետին շնորհակալություն հայտնեց Վիգեն սրբազանը` կոմիտեի ժողովը Մայր Աթոռում անցկացնելու հնարավորությունն ընձեռելու համար:
Հանդիպման ընթացքին իրենց երախտագիտական զգացումներն ու տպավորությունները արտահայտեցին նաեւ ԵՀԽ ատենապետ Վոլթեր Ալթմանը եւ ԵՀԽ Գլխավոր քարտուղար Սամուել Կոբիան: «Այս օրերին մենք վկան դարձանք այն ամենի, որ դուք անում եք այս Եկեղեցու եւ հայ ժողովրդի համար: Տեսանք հարուստ ժառանգությունը ձեր Եկեղեցու...», - նշեց դր. Ալթմանն իր խոսքում: Իր հերթին ԵՀԽ Գլխավոր քարտուղարը ասաց. «Պատիվ է մեզ համար այստեղ գտնվել... Մենք շնորհակալ ենք այն եկեղեցիներին, ովքեր հրավիրում են մեզ իրենց մոտ հանդիպումներն անցկացնելու»:
Ապա իր օրհնության եւ գնահատանքի խոսքը ներկաներին ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: «Մեզ համար իրապես ուրախություն է, որ ԵՀԽ Գործադիր կոմիտեն իր ժողովն անցկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այսպիսի շփումները մենք ընկալում ենք որպես օրհնություն: Ձեր ներկայությունը ոչ միայն լավ առիթ է, որ դուք ճանաչեք հայ ժողովուրդը եւ Հայոց Եկեղեցին, այլեւ, որ մեր ժողովուրդը հաղորդ դառնա Եկեղեցիների Հանաշխարհային Խորհրդի առաքելությանն ու գործունեությանը»,- ասաց Գարեգին Բ Հայրապետը: Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայիս գործունեությանը, եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին եւ ուրվագծեց եկեղեցու հոգեւոր սպասավորության հիմնական ոլորտները: «Հայ ժողովուրդը փարված է քրիստոնեական իր հավատին: Եվ մենք լավատես ենք մեր Եկեղեցու վաղվա օրվա նկատմամբ»,- նշեց Վեհափառը:
Նորին Սրբությունը նաեւ գոհունակություն հայտնեց քույր եկեղեցիների եւ միջեկեղեցական կազմակերպությունների հետ կապերի առավել զորացման համար` նշելով, որ Հայ Եկեղեցին ակտիվ մասնակցություն է բերում միջեկեղեցական հարաբերություններին եւ լավագույնս ներկայացված է ԵՀԽ կառույցներում եւ այլ համանման կազմակերպություններում:
Հայոց Հովվապետը գնահատանքով արձանագրեց, որ Հայ Եկեղեցին մեծապես օգտվել է այդ համագործակցությունից եւ ԵՀԽ-ն մշտապես սիրով եւ պատրաստակամությամբ արձագանքել է իր առջեւ Հայ Եկեղեցու կողմից բարձրացրած բոլոր խնդիրներին, ինչպես օրինակ` Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, սոսկալի երկրաշարժի օրերին եղբայրական օգնությունը եւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ԵՀԽ-ին շարունակել իր առաքելությունը, որպեսզի ժողովուրդներ եւ եկեղեցիներ սիրո եւ համագործակցության ոգով կարելին ի սպաս դնեն` երաշխավորելու մարդկության խաղաղ եւ ապահով կյանքը: