Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՀԽ Գլխավոր քարտուղարին
Սեպտեմբերի 23-28-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելու է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հերթական ժողովը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ԵՀԽ Գործադիր կոմիտեի կազմում ներկայացնում է ԱՄՆ Արեւելյան Հայոց թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու եւ ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի նախագահ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:
Սեպտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց իր հրավերով Հայաստան ժամանած Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխավոր քարտուղար դր. Սամուել Կոբիային: Նորին Սրբությունը ողջունեց դր. Կոբիայի այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եւ ուրախություն հայտնեց Մայր Աթոռում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հերթական ժողովի գումարման առիթով: «Մենք ուրախ ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ներդրումն է բերում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հիմնական ձգտումների մեջ, որոնք են Եկեղեցիների եղբայրությունը եւ Եկեղեցիների համագործակցությունը: Մենք ուրախ ենք, որ այսօր մեր Եկեղեցին առավել չափով ներկայություն է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում` նրա տարբեր կառույցների եւ մարմինների մեջ եւ իր աշխույժ, եռանդուն մասնակցությունն է բերում այդ աշխատանքներում», - ասաց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունը նկատեց, որ դր. Կոբիայի եւ ԵՀԽ գործադիր կոմիտեի նեկայությունը Հայաստանում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նաեւ իր դրական ներգործությունը եւ արձագանքը կգտնի մեր ժողովրդի զավակների հոգիներում եւ ժողովուրդն առավել պիտի ծանոթանա եւ ճանաչի այն աշխատանքները, որ իրականացնում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը:
Անդրադառնալով եկեղեցիների առաքելությանը 21-րդ դարում` Գարեգին Բ Հայրապետը նշեց, որ համատեղ ջանքերով միայն եկեղեցիները կարող են հաղթահարել մարդկության առջեւ ծառացած մարտահրավերները:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան եւ կարծում եմ այն շատ հատկանշական է: Իրապես, հաճելի է լինել այստեղ եւ միանալ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա տոնակատարության մեջ: Մեզ համար սա պարզապես այցելություն չէ, այլ` ուխտագնություն, որովհետեւ մեզ եւ ԵՀԽ-ի համար Հայաստանը եւ հայ ժողովուրդը շատ առանձնահատուկ տեղ ունեն», - ասաց դր. Կոբիան` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը հյուրընկալության համար: Այնուհետեւ ԵՀԽ Գլխավոր քարտուղարը նաեւ շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին այն կարեւոր նպաստի համար, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բերում է մասնավորապես ԵՀԽ-ին եւ էկումենիկ շարժմանն ընդհանրապես` մեծապես արժեւորելով այն, որ Հայ Եկեղեցու եկեղեցականներ եւ բարեպաշտ զավակներ իրենց ներդրումն են ունենում ԵՀԽ-ի տարբեր կառույցներում եւ հանձնախմբերում:
Դր. Կոբիան ներկայացրեց նաեւ առաջիկա ժողովին քննարկվելիք հարցերը, հանգամանորեն անդրադարձավ ԵՀԽ-ի ծրագրերին եւ նպատակներին` ընդառաջ ԵՀԽ-ի 100-ամյակի հոբելյանին` վստահություն հայտնելով, որ անցկացնելով Գործադիր կոմիտեի ժողովը Հայաստանում, իրենք առավել կներշնչվեն այն սպասավորությամբ, որ Հայոց Եկեղեցին այսօր բերում է իր ժողովրդի կյանքում:
Իր հերթին ԵՀԽ փոխատենապետ Սասսիմայի միտրոպոլիտ Գեննադիոսը (Տիեզերական պատրիարքություն) Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց Նորին Սրբություն Բարդուղիմեոս Ա-ի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները եւ անդրադարձավ 1962թ.-ից եւ մասնավորաբար Նորին Սրբության գահակալության շրջանին Հայ Եկեղեցու ներգրավվածությանը ԵՀԽ-ի ծրագրերում:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, ԱՄՆ Արեւելյան Հայոց թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու եւ ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի նախագահ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի միաբաններ:
Նույն օրը ԵՀԽ Գլխավոր Քարտուղարը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց նաեւ Սուրբ Հռիփսիմեի եւ Սուրբ Գայանեի վանքեր: