Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարի դե Պյուչին
Հուլիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պյուչին:
Վեհափառ Հայրապետը ողջունեց պարոն դե Պյուչի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հաջողություն մաղթեց նրա առաքելությանը, նշելով, որ երկրում հասարակական լարվածության վերացումը բոլորի սպասումն է: Նորին Սրբությունն ընդգծեց, որ թե° իշխանության եւ թե° ընդդիմության ներկայացուցիչներն ու կողմնակիցները Հայաստանյայց Եկեղեցու զավակներն են, եւ Հայ Եկեղեցուն մտահոգում է յուրաքնչյուր հայորդու ճակատագիրը:
ԵԽԽՎ նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացնելով Հայաստան կատարած այցի նպատակները` առանձնակի կարեւորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի դերը հասարակության մեջ հաշտարար մթնոլորտի ստեղծման գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Նորին Սրբությունը մասնավորապես մտահոգություն հայտնեց Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ, որ վերջին շրջանում հաճախադեպ է դարձել նաեւ Ադրեբջանի հոգեւոր առաջնորդի կողմից: Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Ադրբեջանում հայոց հոգեւոր ու մշակութային կոթողների նկատմամբ իրականացվող բարբարոսական քաղաքականությանը` մասնավորապես մատնանշելով Հին Ջուղայի խաչքարերի իսպառ ոչնչացումը: