Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակին
Փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում գտնվող` ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ, դեսպան Հեյկի Թալվիթիեին:
Ողջունելով պրն. Թալվիթիեի այցը Մայր Աթոռ` Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց Հայաստանում նրան վերստին տեսնելու համար: Վերհիշելով Հեյկի Թալվիթիեի պաշտոնավարության ժամանակաշրջանը Հայաստանում, իբրեւ Ֆինլանդիայի դեսպան` Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ սերտացող հարաբերությունների առիթով: Հայոց Հայրապետը նաեւ ներկայացրեց Հայ Եկեղեցու եւ Ֆինլանդիայի Ուղղափառ եւ Լյութերական եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերությունները:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդրին եւ Հայաստանում փետրվար 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին: