Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գրողների միության 6-րդ համագումարի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գրողների միության 6-րդ համագումարի մասնակիցներին 20.04.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գրողների միության 6-րդ համագումարի մասնակիցներին

 

     Ապրիլի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գրողների միության վեցերորդ համագումարի մասնակիցներին:

     Հանդիպման սկզբում գրողների անունից Վեհափառ Հայրապետին ողջունեց ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ապա ներկայացրեց համագումարի առիթով աշխարհի քսան երկրներից Հայրենիք ժամանած հայորդիներին և օտարազգի հյուրերին, անդրադարձավ համագումարի նպատակներին և կարևորությանը:

     Այնուհետև գրողներին Հայրապետական իր օրհնությունը և գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, ուրախություն հայտնելով շուրջ յոթանասուն գրողների Մայր Աթոռ այցի առիթով, կարևորեց Հայաստանի և Սփյուռքի գրողների համախմբումը Հայրենիքում, ինչը հնարավորություն է ընձեռում գրական ասպարեզից ներս քննարկել զանազան խնդիրներ, ինչպես նաև վեր հանել հայ կյանքը հուզող բազմաբնույթ հարցեր:

     Վեհափառ Հայրապետը նշեց, որ հայ ժողովուրդն այսօր ակնկալում է իր գրողից, որ արծարծվեն ազգային կյանքին վերաբերող խնդիրներ, նրա գրչի շնորհիվ տեսանելի դառնա ապագայի տեսիլքը և ուղենշվի դեպի գալիք առաջնորդող ճշմարիտ ճանապարհը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց նաև, որ այսօր դժվարին առաքելություն է բաժին ընկել հայ գրողին` ժողովրդին պահելու ազգային արժեքների շավիղներում, նոր խոսքով և նոր մտածողությամբ նրան մատուցելու և փոխանցելու մեր հայրերի սրբազան ժառանգությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ներկաներին նոր եռանդով գրիչն ի գործ դնել` հայ ժողովրդի Արդար դատը պաշտպանելու համար:

     Այնուհետև Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ՀՀ Գրողների միության վարչությանը և միության նախագահին` բոլոր այն ձեռնարկումների համար, որոնց շնորհիվ աշխարհասփյուռ հայ գրողները կարողանում են մեկտեղել իրենց ջանքերը` արդի կյանքի մարտահրավերների հաղթահարման համար:

     Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու թեմական կյանքին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությանը կրթական ու սոցիալական ոլորտներում, Սփյուռքի տարբեր համայնքներում Հայ Եկեղեցու կողմից իրականացվող ծրագրերին` ի պահպանություն հայ ինքնության: