Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի դեսպանին
Նոյեմբերի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` Նորին Սրբությունն արդյունավետ առաքելություն մաղթեց նրան Հայաստանում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Մայր Աթոռի եւ Գերմանիայի դեսպանատան միջեւ ձեւավորված սերտ կապերին, Գերմանիայի հայոց թեմի գործունեությանը, Գերմանիայի հայ համայնքի կյանքին եւ նրա հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքին: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրեց նաեւ, որ Մայր Աթոռի մի քանի միաբաններ ներկայիս իրենց բարձրագույն կրթությունն են ստանում Գերմանիայի տարբեր հոգեւոր հաստատություններում: