Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Հալե-Վիտտենբերգի Մարթին Լյութեր համալսարանի պատվիրակությանը
Հոկտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Հալե-Վիտտենբերգի Մարթին Լյութեր համալսարանի պատվիրակությանը` գլխավորությամբ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վուլֆ Դոփենբրոքի եւ ուղեկցությամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի եւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորի:
Հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց պատվիրակության անդամներին, անդրադարձավ ԵՊՀ-ի եւ Հալե-Վիտտենբերգի Մարթին Լյութեր համալսարանի միջեւ այսօր կնքված համագործակցության պայմանագրի նշանակությանը` ընդգծելով երկու կրթական հաստատությունների միջեւ համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը:
Ողջունելով հյուրերի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց երկու համալսարանների միջեւ հաստատված ջերմ եւ գործնական հարաբերությունների համար` բարեմաղթելով, որ դրանք արդյունավորվեն բարի պտուղներով հատկապես երիտասարդ սերնդի կրթության հարցում: Հայոց Հայրապետն անդրադարձավ հայ-գերմանական բարեկամական կապերին, որոնք առաջընթաց են ապրում ոչ միայն պետական մակարդակով, այլ նաեւ կրթական, մշակութային եւ այլ ասպարեզներում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ նաեւ Մայր Աթոռի եւ Հալե-Վիտտենբերգի Մարթին Լյութեր համալսարանի միջեւ առկա սերտ համագործակցությանը` հույս հայտնելով, որ դրանք հետայսու առավել կզորանան եւ կսերտանան:
Հալե-Վիտտենբերգի Մարթին Լյութեր համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վուլֆ Դոփենբրոքը պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար, անդրադարձավ երկու համալսարանների միջեւ առկա սերտ համագործակցությանը եւ ապագա ծրագրերին: Պրոֆեսոր Վուլֆ Դոփենբրոքն ընդգծեց, որ սիրով է եկել Հայաստան եւ իր համար պատեհ առիթ է` մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությանը: