Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահին
Մարտի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման առիթով` ընդգծելով, որ նման այցելությունները պիտի նպաստեն հայ-գերմանական համագործակցության առավել ընդլայնմանը` ի նպաստ երկու ժողովուրդների: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս տիար Նորբերթ Լամմերթի իր գնահատանքը հայտնեց Գերմանիայի Բունդեսթագին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման համար: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ անդրադարձավ Գերմանիայի իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերվող զորակցությանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին ու կրոնական կյանքին, Հայ Եկեղեցու դերակատարությանն ու առաքելությանը հասարակության կյանքում և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգևոր առաջնորդների հանդիպումներին: