Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի վարչապետին
Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները, համահունչ հայ և բուլղար ժողովուրդների պատմական բարեկամությանը, առաջընթաց են ապրում և զարգանում` ընդգրկելով համագործակցության տարբեր ոլորտներ: Նորին Սրբությունն անդրադարձավ անցյալ դարում Հայ Եկեղեցու և ժողովրդի կրած դժվարություններին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմական առաքելությանը հայ ժողովրդի կյանքում: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այժմ հայ ժողովուրդը, հաղթահարելով իրեն բաժին ընկած դժվարությունները, հոգևոր վերազարթոնք է ապրում ինչպես Հայրենիքում, այնպես և Սփյուռքի տարբեր համայնքներում: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Բուլղարիայի հայոց թեմի և հայ համայնքի կյանքին, Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի` թեմի առաջնորդական տեղապահ նշանակմանը` ի դեմս վարչապետի գնահատանք հայտնելով Բուլղարիայի իշխանություններին հայ համայնքի, բուլղարահայության պատմամշակութային հոգևոր ժառանգության հանդեպ ցուցաբերվող խնամքի և ուշադրության համար: Վեհափառ Հայրապետը ուրախությամբ հաստատեց, որ Աստծու կամքով առաջիկային ավարտին կհասցվի Սոֆիայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու կառուցումը:
Իր հերթին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, անդրադարձավ Բուլղարիայում եկեղեցի-պետություն հարաբերություններին, մասնավորաբար պետության զորակցությանը Բուլղար Եկեղեցուն` պատմական վանքերի ու եկեղեցիների նորոգման և նոր եկեղեցիների կառուցման գործում: Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` տիար Բորիսովն կարևորեց պատմության ընթացքում երկու ժողովուրդների կերտած բարեկամության ու կապերի պահպանումը և հետագա զարգացումը:
Հանդիպման ընթացքում Բուլղար Ուղղափառ Եկեղեցու և Բուլղարիայի հոգևոր կյանքի վերարթնության մասին նաև տեղեկություններ փոխանցեց պատվիրակության անդամ Նաթանայել միտրոպոլիտը:
Վերջում Նորին Սրբությունն եղբայրական իր սերն ու բարեմաղթանքները փոխանցեց Բուլղար Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Մաքսիմ պատրիարքին` վերստին իր աղոթքն ու օրհնությունը բերելով Բուլղարիային և բուլղար ժողովրդին: