Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության վարչապետին
Նոյեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ երկու երկրների դեսպանների:
Ողջունելով Բուլղարիայի վարչապետի այցը Մայր Աթոռ` Նորին Սրբությունը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Ապա Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ զարգացող սերտ համագործակցության համար:
Հայոց Հայրապետը վերհիշելով 2002թ. հունիսին կատարած իր Հովվապետական այցելությունը Բուլղարիա ու իր հյուրընկալությունը Բուլղար Ուղղափառ Եկեղեցում` շնորհակալություն հայտնեց հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության եւ հոգատարության համար: «Ուրախ ենք, որ մեր ժողովրդի զավակները իբրեւ արժանավոր քաղաքացիներ իրենց կարեւոր ներդրումն են բերում Բուլղարիայի հասարակական, քաղաքական եւ մշակութային կյանքում: Առանձնակի գոհունակությամբ ցանկանում ենք ընդգծել նաեւ Մայր Աթոռի եւ Բուլղարիայի դեսպանատան միջեւ առկա ջերմ հարաբերությունները, որոնք արտացոլումն են մեր ժողովուրդների դարավոր կապերի եւ երկրների համագործակցության»,- ասաց Նորին Սրբությունն իր խոսքում:
Վեհափառ Հայրապետը նաեւ իր ողջույններն ու բարեմաղթանքները հղեց Բուլղար Եկեղեցու Մաքսիմ պատրիարքին եւ Բուլղարիայի բարեպաշտ ժողովրդին:
Իր հերթին վարչապետ Սերգեյ Ստանիշեւը շնորհակալությամբ ընդունեց Հայրապետի բարեմաղթանքները եւ ուրախություն հայտնեց Սուրբ Էջմիածին այցելելու համար: Վարչապետն անդրադարձավ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, նշելով, որ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններից բացի կարեւոր են նաեւ մշակութային եւ հոգեւոր կապերը: Պրն. Ստանիշեւը խոսեց նաեւ Հայ Առաքելական եւ Բուլղար Ուղղափառ եկեղեցիների ընդհանրությունների եւ իրենց ժողովուրդների կյանքում ունեցած կարեւոր դերակատարությունների մասին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Եկեղեցի - պետություն հարաբերություններին, քույր եկեղեցիների միջեւ առկա կապերին: