Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի քաղաքապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի քաղաքապետին 23.04.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի քաղաքապետին

 

     Ապրիլի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի առիթով Հայաստան ժամանած Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի գլխավորած պատվիրակությունը:

    Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Մայր Աթոռի` որպես հոգևոր-մշակութային նշանավոր օջախի  ունեցած դերին ու նշանակությանը հայ գրատպության սկզբնավորման և զարգացման գործում: Վեհափառ Հայրապետը նախախնամական նկատեց, որ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը հանձնվելու է հենց Մաուրիսիո Մակրիի ձեռքով, քանզի զգացումով և ապրումներով շատ մոտ երկու ժողովուրդները միմյանց նկատմամբ առանձնահատուկ սեր և ջերմություն են տածում: Նորին Սրբությունը նաև ընդգծեց, որ պատվիրակության ներկայությունը Հայաստանում ավելացնում է տոնական այս օրերի ջերմությունը:

     Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս քաղաքապետի իր օրհնությունը փոխանցեց Արգենտինայի ժողովրդին` մաղթելով, որ Տերը խաղաղության և առաջընթացի մեջ պահի երկիրը և արդյունավորի Արգենտինայի բարեպաշտ ժողովրդի բոլոր ջանքերը: