Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելոցերկովի և Բոգուսլավի միտրոպոլիտին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու` Ուկրաինայի Զինված ուժերի և զորամիավորումների հետ համագործակցության Սինոդալ բաժնի նախագահ, Աստվածաբանական կանոնական հանձնախմբի նախագահ Բելոցերկովի և Բոգուսլավի միտրոպոլիտ Ավգուստինի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Հանդիպմանը Վրթանես Սրբազանը Նորին Սրբությանը տեղեկացրեց Քույր Եկեղեցու պատվիրակության` Հայաստան այցի նպատակի, համատեղ կազմակերպվող միջոցառումների, ինչպես նաև բանակում հոգևորականների ծառայության շուրջ ունեցած քննարկումների մասին:
Այնուհետև Ավգուստին միտրոպոլիտին ու նրա պատվիրակությանը ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետը` ընգծելով, որ այս համագործակցությունը վառ վկայությունն է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մոսկվայի Պատրիարքության միջև առկա սերտ ու գործակցային հարաբերությունների: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ երկու Եկեղեցիների զանազան կառույցների արգասավոր համագործակցության արդյունքում տեղի է ունենում գործունեության տարբեր ոլորտներում կուտակված հարուստ փորձառության փոխանակում, ինչը նպաստում է քրիստոնեական հոգեխնամ առաքելության առավել արդյունավոր իրականացմանը:
Նորին Սրբությունն անդրադարձավ նաև ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության կառույցի ձևավորմանը և գործունեությանը` ընդգծելով, որ վերջին ապրիլյան իրադարձությունները ևս փաստեցին, թե որքան կարևոր է հոգևորականների հովվական ծառայությունը բանակում: Նորին Սրբությունը գնահատանքով նշեց, որ այդ ծանր օրերին նրանք ոչ միայն զորակցում ու քաջալերում էին զինվորներին, այլև այցելում ու մխիթարում էին մարտական գործողություններում հայրենյաց պաշտպանության համար զոհվածների սգակիր ընտանիքներին:
Զրույցի ընթացքում, ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը, Նորին Սրբազնություն Ավգուստին միտրոպոլիտը ներկայացրեց այն գործակցությունը, որ առկա է Մոսկվայի Պատրիարքության Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու և Ուկրաինայի Հայոց թեմի միջև, ինչպես նաև Ուկրաինայում բանակի և Եկեղեցու հարաբերությունները: Նա իր հերթին կարևորեց ճանաչողական փոխացելությունների կազմակերպումը` վստահություն հայտնելով, որ այցն արդյունավետ կլինի նաև փորձառության փոխանակման տեսանկյունից:
Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց նրանց` իրենց առաքելության արդյունավորման մաղթանքով:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: