Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարին
Ապրիլի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին` ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի և երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչին նպաստում են նաև պետական մակարդակով փոխայցելությունները: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ապագային առավել կզարգանան ու կսերտանան:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ի դեմս նախարարի իր շնորհակալությունը հայտնեց Բելառուսի իշխանություններին բելառուսահայ համայնքի հանդեպ դրսևորվող ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար:
Բելառուսի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովն իր հերթին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար: Եվս մեկ անգամ հաստատելով երկու երկրների միջև սերտ համագործակցության և ջերմ հարաբերությունների առկայությունը` նախարարը ընդգծեց, որ երկու ժողովուրդները կրողն են հեռավոր անցյալից եկող միևնույն արժեքների:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությանը, ինչպես նաև քննարկվեց Մինսկում կառուցվելիք հայկական եկեղեցու համար անհրաժեշտ հողատարածք հատկացնելու հարցը: