Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բադեն-Վյուրթեմբերգի Ավետարանական-Լյութերական Եկեղեցու հոգեւոր սպասավորներին
Մայիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն-Վյուրթեմբերգի շրջանի Ավետարանական-Լյութերական եկեղեցու հոգեւոր սպասավորների պատվիրակությանը` գլխավորությամբ վերապատվելի Մանֆրեդ Վագների եւ ուղեկցությամբ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր ուրախությունն հայտնեց, որ Գերմանիայի հայոց թեմի աջակցությամբ կայացավ այս հանդիպումը, ապա անդրադարձավ Հայ Եկեղեցու բազմադարյա պատմությանն ու առաքելությանը: «Մեր Եկեղեցին բազում փորձություններ ու դժվարություններ է հաղթահարել անցյալում եւ, կարելի է ասել, որ մեր ժողովրդի հետ ունեցավ իր Գողգոթան` հանուն Տիրոջ նկատմամբ իր հավատքի: Սակայն ունեցավ նաեւ իր hարությունը` նույն հավատքի շնորհիվ: ...Փառք Բարձրյալին, Հայ Եկեղեցին ներկայիս վերածնունդ է ապրում», - նշեց Հայոց Հայրապետը: Ապա Նորին Սրբությունը վերհիշեց իր ուսումնառության տարիները Վիեննայում եւ հովվական ծառայությունը Գերմանիայում:
Իր խոսքում վեր. Մանֆրեդ Վագներն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Սլովակիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսաց խորհրդի ղեկավար Միլոշ Կլատիկը: