Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արթուր Չիլինգարովին
Մարտի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին:
Ողջունելով տիար Չիլինգարովի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հայտնի գիտնականին ու քաղաքական գործչին` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին բարձր է գնահատում նրա օգտաշատ ծառայությունն ազգային-եկեղեցական կյանքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռուսաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետը գոհունակությամբ հաստատեցին, որ ավարտին է մոտենում Մոսկվայում կառուցվող առաջնորդանիստ եկեղեցու և հսկայական եկեղեցական համալիրի շինարարությունը, որի բացումը ծրագրվում է տարեվերջին: Զրուցակիցները վստահություն հայտնեցին, որ երկար սպասված համալիրի բացումը մեծ նշանակություն կունենա Ռուսաստանի հայ համայնքի կյանքում:
Հանդիպմանը քննարկվեցին նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներ ու խնդիրներ: Մասնավոր անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությանը Սփյուռքում հայորդիների ազգային ինքնության պահպանության գործում: