Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի նորանշանակ դեսպանին 24.06.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի նորանշանակ դեսպանին


     Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
     Նշանակման առիթով շնորհավորելով դեսպանին՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ խոսեց երկու երկրների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերությունների, ինչպես նաև Արգենտինա կատարած իր հովվապետական այցերի մասին:
     Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գնահատանքով նշեց, որ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած բազում հայորդիներ կայք են հաստատել Արգենտինայի հյուրընկալ երկրում և այսօր էլ շարունակում են վայելել Արգենտինայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը:
     Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսին հավաստիացրեց, որ ջանալու է ըստ ամենայնի զորացնել երկու երկրների միջև առկա բարեկամությունն ու համագործակցությունը: Անդրադառնալով Արգենտինայի հայ համայնքին` նորանշանակ դեսպանն ընդգծեց, որ այն ընդունված, սիրված ու գնահատված է շնորհիվ իր ազնվության ու աշխատասիրության, երկրի զարգացմանն ու ամրապնդմանը բերած կարևոր նպաստի:
     Հանդիպման վերջում Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն ուղղեց դեսպանին՝ ցանկանալով նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում:
     Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: