Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի արտաքին գործերի նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Արգենտինայի արտաքին գործերի նախարարին  05.09.2012
Արգենտինայի արտգործնախարարի այցը

 

Սեպտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի:       

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները սերտ զարգացում են ապրում` մաղթելով բազում նոր ձեռքբերումներ հայ-արգենտինյան բարեկամությանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ  անդրադարձավ նաեւ Արգենտինայի հայ համայնքին` մասնավորապես ընդգծելով, որ այն Սփյուռքի լավագույնս կազմակերպված եւ հզոր  համայնքներից մեկն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս նախարարի, իր գնահատանքը հայտնեց Արգենտինայի իշխանություններին` հայ ժողովրդի հանդեպ տածած առանձնահատուկ վերաբերմունքի համար, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ցուցաբերվող զորակցության համար:

Իր հերթին, Արգենտինայի արտգործնախարարը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, Նորին Սրբությանը փոխանցեց Արգենտինայի Հանրապետության նախագահի ողջույնները, ապա անդրադարձավ 2011 թ. մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Արգենտինա կատարած հովվապետական այցին: Հեկտոր Մարկոս Թիմերմանն իր խոսքում հույս հայտնեց, որ իր այցելությունը պիտի նպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Խոսելով Արգենտինայի հայ համայնքի մասին` նախարարն ընդգծեց, որ  այն կարեւոր դերակատարություն ունի երկրի զարգացման գործում:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը առաջընթացի ու բարօրության մեջ պահի Արգենտինային եւ նրա ժողովրդին:  

Հանդիպմանը ներկա էին նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանն ու ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան: