Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Արարատ» միության անդամներին
Փետրվարի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության անդամներին` ուղեկցությամբ միության հոգեւոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի:
«Արարատ» միությունը հիմնադրվել է 1989 թ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կողմից` Արարատյան թեմում իր առաջնորդական փոխանորդության շրջանում: Լինելով Հայ Առաքելական Եկեղեցու առաջին երիտասարդական նմանօրինակ կառույցը` այն անվանվել էր Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միություն, սակայն հետագայում վերանվանվել «Արարատ» միություն: Այսօր միությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում. գործում են տարբեր խմբակներ, ուր երիտասարդները կրթվում են, ծանոթանում հոգեւոր արժեքներին, կազմակերպվում են խոկումներ, ուխտագնացություններ, այցելություններ տարբեր սոցիալական հաստատություններ:
Մինչ հանդիպումը միության նախաձեռնությամբ Մայր Աթոռի Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում կազմակերպվել էր միության տասնինը նոր անդամների մկրտությունը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով այցի առիթով, Հայրապետական իր գնահատանքը, օրհնությունն ու հայրական սերը բերեց երիտասարդներին: «Շնորհակալ եմ այս գեղեցիկ պահի համար, որ պարգեւեցիք ինձ: Ես վերապրեցի այն գեղեցիկ տարիները, երբ Արարատյան թեմում շրջապատված էի երիտասարդներով, ովքեր իմ կյանքին, իմ հոգեւոր ծառայությանն ու առաքելությանը նոր իմաստ հաղորդեցին», - նշեց Նորին Սրբությունը` վերհիշելով միության հիմնադրման մանրամասները եւ երիտասարդական կառույցի հետագա գործունեությունը:
Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նոր մկրտվածներին ու նրանց կնքահայրերին, մաղթեց, որ Աստծո շնորհներով զորանան իրենց հավատքի մեջ եւ կարողանան ապրել կյանքը Տիրոջ պատվիրանների համաձայն եւ իրենց հոգու լույսով լուսավորել հավատավոր մեր ժողովրդի զավակների ճանապարհը: Այս առիթով Վեհափառ Հայրապետը նրանց հանձնեց Նոր Կտակարան եւ հուշանվերներ, ապա պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու գործունեությանը կյանքի տարբեր ոլորտներում, ժամանակակից մարտահրավերներին, հասարակական կյանքում առկա տարբեր հոգեւոր-բարոյական խնդիրներին:
Վերջում հոգեւոր երգերի կատարումներով ելույթ ունեցավ միության «Արարատ» երգչախումբը: