Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի առաջնորդին Օգոստոսի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի հոգևոր առաջնորդ Մանֆրեդ եպիսկոպոս Շոյերի գլխավորած ուխտավորների խմբին: Խմբի կազմում էին ուխտավորներ Ավստրիայի տարբեր համայնքներից, ինչպես նաև Ինսբրուկ քաղաքի ՙՏիրոլեր Սոննթագ՚ եկեղեցական օրաթերթի ընթերցողների խումբը:
Հանուն ուխտավորների Մանֆրեդ եպիսկոպոսն երախտագիտություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայության հոգևոր կենտրոն այցելության և ջերմ ընդունելության համար` ուրախություն հայտնելով հայկական հարուստ քրիստոնեական մշակույթին և պատմությանը ծանոթանալու հնարավորության համար:
Այնուհետև ուխտավորների խմբին իր օրհնությունը բերեց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: ՙՄեր հավատքի զորության շնորհիվ պատմության ընթացքում կարողացել ենք բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարել: Մենք ցեղասպանությունը վերապրեցինք, որովհետև Քրիստոսի հարության հավատն ունեինք մեր մեջ: Ցեղասպանությունից հետո էլ, երբ հաստատվեց անաստվածության գաղափարախոսությունը, շնորհիվ մեր հավատքի, մեր սրբազան հայրերի հանդեպ ունեցած նվիրումի, նաև այդ շրջանը կարողացանք հաղթահարել ու ապրել՚, - իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը`  անդրադառնալով նաև ներկայիս հոգևոր վերազարթոնքին և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին ներկայացրեց վերջին տարիներին Հայ Եկեղեցու կյանքից ներս արձանագրված  ձեռքբերուները` ժողովրդի քրիստոնեական դաստիարակությանն ուղղված ծրագրերը, նոր եկեղեցականների պատրաստությունը, զանազան սոցիալական ծրագրերը, հարյուրից ավելի պատմական վանքերի ու տաճարների վերանորոգումն ու նոր եկեղեցիների կառուցումը: