Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Առնուվիլ լե Կոնեսի քաղաքապետին

Սեպտեմբերի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Առնուվիլ լե Կոնեսի քաղաքապետ Միշել Օմասին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ քաղաքի Ս. Վարագա Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Հարություն քահանա Տաշճյանի եւ ծխականների:

Նորին Սրբությունը, բարի գալուստ մաղթելով քաղաքապետին Ս. Էջմիածին, քաղցրությամբ վերհիշեց Հովվապետական իր այցը Առնուվիլ լե Կոնես եւ ջերմ ընդունելությունը քաղաքապետի ու ժողովրդի կողմից: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամությանը եւ իր գնահատանքը հայտնեց ի դեմս քաղաքապետի Ֆրանսիայի ժողովրդին` հայ ժողովրդին դեռեւս Ցեղասպանության օրերից ցուցաբերած եղբայրական զորակցության համար` նշելով. «Նեղության, ցավի մեջ կերտված բարեկամությունը հավերժական է»: Գարեգին Բ Հայրապետը մասնավոր իր գոհունակությունը հայտնեց նաեւ Առնուվիլ լե Կոնեսի եւ Նուբարաշենի միջեւ սկիզբ առնող համագործակցության առիթով` կատարյալ հաջողություն մաղթելով եւ իր օրհնությունը բերելով այդ առաքելության իրագործմանը:

Իր հերթին քաղաքապետ Օմասը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանն ընդունելության համար, ապա անդրադարձավ Առնուվիլում բնակվող հայորդիների կարեւոր դերակատարությանը քաղաքի կյանքում: