Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ամմանի քաղաքապետին
Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաճու գլխավորած պատվիրակությանը:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը վերհիշեց 2000թ. իր կողմից Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած հովվապետական այցը և պրն. Ա. Բիլթաճու կողմից ցուցաբերած ջերմ հյուրընկալությունը: Նորին Սրբությունը նաև ընդգծեց, որ տպավորված էր այն կրոնական ազատությամբ, որի մեջ գործում էին Հորդանանի բոլոր կրոնները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր մասնավոր գնահատանքը հայտնեց Ամմանի քաղաքապետին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հայ ժողովրդի կողքին գտնվելու առիթով: Այս կապակցությամբ ի դեմս քաղաքապետի Ամենայն Հայոց Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց ողջ արաբ ժողովրդին` Ցեղասպանության տարիներին եղեռնահար հայորդիների նկատմամբ ցուցաբերված հոգատար և մարդասեր վերաբերմունքի համար:
Գարեգին Բ Վեհափառը նաև աղոթքով մաղթեց, որ խաղաղությունը շուտով վերահաստատվի Մերձավոր Արևելքի երկրներում, և ժողովուրդը շարունակի իր խաղաղ ու ստեղծագործ կյանքը:
Իր հերթին, Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաճին իր շնորհակալությունը հայտնեց հանդիպման առիթով` նշելով, որ այս օրերին Հայաստանում գտնվելը և՛ ուրախություն էր, և՛ մխիթարություն: Իր խոսքում Ամմանի քաղաքապետն անդրադարձավ մասնավորապես ժամանակակից Հորդանանի կառուցման և զարգացման գործում խաղաղասեր հայ ժողովրդի զավակների ունեցած կարևոր դերակատարությանը:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր ողջույնները հղեց Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը:
Հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ամմանի քաղաքապետը Վեհարանի պարտեզում ձիթենու ծառ տնկեցին` ի վկայություն երկու ժողովուրդների բարեկամության: