Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղարին 26.11.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղարին

     Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց իր հրավերով Հայաստան ժամանած Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիին:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Այաթոլլա Ախթարիի այցը Հայաստան և Ս. Էջմիածին և նշեց, որ նմանատիպ այցելությունները ոչ միայն նպաստում են երկկողմանի փոխճանաչողությանն ու միջկրոնական երկխոսությունների առավել զորացմանը, այլև դրական ներգործություն են ունենում մեր երկու հավատավոր ժողովուրդների զավակների վրա` ապրելու խաղաղ և ստեղծագործ կյանքով:
     Ընդգծելով միջկրոնական երկխոսությունների անհրաժեշտությունը` Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ, ինչպես քաղաքական գործիչները, հոգևոր առաջնորդները ևս կարևոր դերակատարություն կարող են ունենալ աշխարհի տարբեր կողմերում իրականացվող ոճրագործությունների և ահաբեկչական գործողությունների կանխարգելման, դրանց հետևանքների հաղթահարման գործում, հատկապես, որ այսօր հաճախ ահաբեկչությունը քողարկվում է կրոնական գործոնով: Այս առնչությամբ Նորին Սրբությունը դատապարտեց Ֆրանսիայում կատարված ահաբեկչությունը, նաև մտահոգություն հայտնեց Միջին Արևելքում տիրող ծանր կացության վերաբերյալ:
     Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական կապերին և ներկայիս հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը: Վերջինիս տեսանելի վկայություն նկատելով իրանահայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքը` Նորին Սրբությունն ընդգծեց, որ դա քրիստոնյա և իսլամ ժողովուրդների խաղաղ ու համերաշխ համակեցության գեղեցիկ օրինակ է: Այս առիթով Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հայ համայնքի և նրա հոգևոր-կրթական հաստատությունների նկատմամբ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության համար:
     Իր հերթին հրավերի և ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին` փառք տալով Երկնավորին, որ բարեկամ երկու ժողովուրդների միջև ջերմ հարաբերություններն ընդլայնվում են` ընդգրկելով տարբեր ոլորտներ:
     Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղարը ևս կարևորեց միջկրոնական երկխոսությունները` նշելով, որ կրոնական առաջնորդների միջև ձևավորված փոխհամագործակցությունը գեղեցիկ օրինակ կլինի աշխարհի ժողովուրդների համար և կառաջնորդի նրանց դեպի բոլոր կրոնների կողմից քարոզվող վեհ ու նվիրական արժեքները:
     Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին անդրադարձ կատարեց նաև ծայրահեղականության դրսևորումներին: Նա ընդգծեց, որ որևէ կրոն կոչ չի անում սպանել Աստծո արարածներին, և կրոնական գործիչների պարտականությունն է խստորեն դատապարտել մարդկանց կրոնական հավատալիքները չարաշահող բոլոր այդ երևույթները:
     Զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղարը խոսեցին նաև երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության և հոգևորականների պատրաստության մասին: Մարդկային կյանքը հուզող տարբեր խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվեց միջկրոնական համագործակցության ընդլայնումը և համատեղ քայլերի ձեռնարկումը:
Վերջում Նորին Սրբությունը վերստին իր բարեմաղթանքները փոխանցեց Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղարին` հայցելով Բարձրյալի օրհնությունը բարեկամ ժողովրդի կյանքին:
     Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: