Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտին 06.12.2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտին


     Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպլիտ Նիկոլոզին` ուղեկցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանի:
     Հայոց Հայրապետը, բարի գալուստ մաղթելով Նիկոլոզ միտրոպոլիտին համայն հայության հոգևոր կենտրոն, ջերմությամբ վերհիշեց իր հայրապետական այցն Ախալքալաք, ինչպես նաև անդրադարձ կատարեց միտրոպոլիտի նվիրյալ գործունեությանը: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը հաստատեց, որ այցի ընթացքում ականատեսն է դարձել հայ ու վրաց համայնքների և երկու Եկեղեցիների կառույցների միջև առկա ջերմ փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնցում կարևոր է Գերաշնորհ Նիկոլոզ միտրոպոլիտի դերակատարությունը:
     Խորին երախտագիտություն փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ միտրոպոլիտ Նիկոլոզն ուրախություն հայտնեց Հայաստան այցելելու հնարավորության համար: Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպլիտը կարևորեց երկու ժողովուրդների միջև շփումների ու կապերի զորացումը՝ ի մտի ունենալով նաև ժողովուրդների միջև առկա պատմական աղերսները, ընդհանրություններն ու համանման ավանդույթները:
Հանդիպմանը խոսվեց երկու Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին, անդրադարձ կատարվեց Եկեղեցիների հոգևոր-կրթական գործունեությանը, մասնավորապես եկեղեցականների նոր սերնդի պատրաստությանը և հովվական ծառայությանը:
     Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին գնահատելով Նիկոլոզ միտրոպոլիտի ջերմ վերաբերմունքը հանդեպ Հայ Եկեղեցին և Սամցխե-Ջավախքի հայությունը, Աստծու զորակցությունը մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ:
     Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: