Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությանը
Հունվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի: Պատվիրակության կազմում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մշակույթի, սպորտի, կրթության և գիտության անվանի գործիչներ:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը ողջունեց պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ` վստահություն հայտնելով, որ նրանց ներկայությունը մեծ խանդավառություն կպարգևի հայ ժողովրդի զավակներին: Ուրախություն հայտնելով «Գյումրին` 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հայտարարելու որոշման և ծրագրվող միջոցառումների կապակցությամբ` Նորին Սրբությունը նշեց, որ այն վստահաբար պիտի նպաստի ինչպես մշակութային հարուստ ժառանգություն և ավանդներ ունեցող Գյումրի քաղաքի մշակութային կյանքի առավել ակտիվացմանն ու զարգացմանը, այնպես էլ միջպետական մշակութային համագործակցության ամրապնդմանն ու զորացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նման միջոցառումների իրականացումը ժողովուրդների կյանքում` ընդգծելով, որ դրանք օգնում են հասարակության կյանքից հեռու վանելու պարտադրվող կեղծ արժեքները և շարունակելու ապրել իրենց դարավոր պատմական փորձառությամբ ձևավորված ու սնված հոգևոր-բարոյական արժեքներով:
Այնուհետև հիմնադրամի այս ծրագրի կարևորությանն անդրադարձավ հիմնադրամի համանախագահ, միջպետական մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Իր խոսքում նա նաև նշեց, որ հոգևոր կյանքի ու մշակութային համագործակցության համար պետական սահմաններ գոյություն չունեն` հույս հայտնելով, որ 2013 թ. ԱՊՀ երկրների կյանքում կնշանավորվի մշակութային նոր իրագործումներով: Իրենց սրտի խոսքը Ս. Էջմիածին այցի առիթով արտահայտեցին նաև ՌԴ պետական և հասարակական գործիչ Իրինա Ռոդնինան, Բելառուսի տեղեկատվության նախարար Օլեգ Պրոլեսկովսկին, ՌԴ վաստակավոր արտիստ Եվգենի Պետրոսյանը և ՌԴ Կինեմատոգրաֆիայի պետական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Սվանիդձեն:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց պատվիրակության կազմում ընդգրկված նշանավոր գործիչներին` մաղթելով, որ Աստծու ամենակարող Աջի հովանու ներքո շարունակեն հաջողությամբ իրականացնել մարդկանց հոգևոր-մշակութային կյանքը հարստացնող իրենց կարևոր առաքելությունը:
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: