Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արեւելյան թեմի ուխտավորներին
Օգոստոսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հարկի ներքո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արեւելյան թեմի Բոստոնի Վոթերթաունի Սբ. Հակոբ եկեղեցու հիմնադրման 75-ամյակի առիթով Հայաստան կազմակերպված ուխտագնացության մասնակից 54 հայորդիների` ուղեկցությամբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի:
Արժանապատիվ Տեր Հայրը ներկայացրեց Հայերնիքում անցկացրած օրերն ու Սբ. Հակոբ եկեղեցու ծխականների տպավորությունները եւ հանուն ամենքի իր սերն ու հարգանքը հայտնելով հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը ուխտավորներին:
«...Թող Աստված ներշնչի ձեզ նոր իրականությամբ մեր երկրի` անկախ մեր Հայրենիքի, հոգեւոր վերազարթոնքով մեր Եկեղեցու եւ առաջընթաց կյանքով մեր ժողովրդի, որպեսզի խանդավառ ու մխիթարված սրտով շարունակեք Հայրենիքից հեռու, բայց Հայրենիքի սերը ձեր հոգում կրելով աշխատել, տքնել, ինչպես ձեր համայնքի, այնպես եւ Հայրենիքի ու հայրենաբնակ մեր ժողովրդի համար»,- մաղթեց Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում` գոհունակություն հայտնելով կատարված ուտագնացության առիթով:
Նորին Սրբությունը նաեւ գնահատանքով անդրադարձավ Տ. Առաքել քահանայի նախանձախնդիր եւ նվիրյալ ծառայությանը: