Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարին
Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարքն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի գլխավորած պատվիրակությանը` ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի ուղեկցությամբ:
Նորին Սրբությունը ողջունեց տիկին նախարարին եւ պատվիրակության անդամներին` ուրախություն հայտնելով Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ խորացող ջերմ ու եղբայրական հարաբերությունների, երկու ժողովուրդների բարեկամական կապերի առնչությամբ:
Վեհափառ Հայրապետն իր ջերմ ողջույնները փոխանցեց նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասեմիին, ում հովանավորությամբ վերանորոգվում է Հայաստանի նշանավոր միջնադարյան վանքերից մեկը` Հաղարծինը:
«Մեր օրհնություններն ենք բերում ձեր առաքելությանը եւ մաղթում հաջողություններ: Թող Աստված պահի պահպանի խաղաղության մեջ Արաբական Միացյալ Էմիրությունները, աստվածասեր նրա ժողովրդին եւ բարեկամությունը երկու երկրների», - իր խոսքում նշեց Նորին Սրբությունը:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարան եւ ծանոթացան հայ հոգեւոր մշակույթի գանձերին: