Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց 500 ուխտավորների
«Հայրենիի ճանաչողությունն է, որ աստվածճանաչողության պիտի առաջնորդի ձեզ: Եվ հայրենիի ճանաչողությամբ առավել պիտի սիրենք մեր երկիրը եւ միմյանց եւ այդպիսով օրհնյալ դարձնենք մեր կյանքի ընթացքը» Գարեգին Բ Կաթողիկոս
Մայիսի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեպի Արցախ` Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կազմակերպված ուխտագնացության շուրջ հինգ հարյուր մասնակիցների:
Ուխտագնացությունը նախաձեռնել են Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը եւ «Հոգեւոր-մշակութային վերածնունդ» հիմնադրամը` համախմբելով ՀՀ երիտասարդական միությունները եւ ուսանողական խմբերը: Ուխտագնացությանը մասնակցում են ուսանողներ, մտավորականներ, ազատամարտիկներ, հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչներ:
Համատեղ աղոթքից հետո ուխտավորներին Հայրապետական իր օրհնությունն ու պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ ուխտավորները Տիրոջ Համբարձման տոնին Սուրբ Էջմիածնից են սկսում ուխտագնացությունը` իրենց առաջին աղոթքն առ Աստված ուղղելով Իջման Սուրբ Սեղանի առջեւ, որտեղ Աստված խոսեց, հայտնվեց հայ ժողովրդին: Հայոց Հայրապետն անդրադարձավ Համբարձման տոնի խորհրդին եւ ուխտագնացության նշանակությանը իբրեւ հոգեւոր ճամփորդություն` հորդորելով ուխտավորներին իրենց ուղեկից դարձնել աղոթքը եւ Տիրոջ մեծագույն` միմյանց սիրելու պատվիրանը:
«Այսօր, երբ դուք ուխտավոր եք, մեր պատգամն է, որ Տիրոջ պատվիրանը կրեք ձեր հոգիներից ներս, վերցնեք ձեզ հետ: Սիրով է, որ մենք պիտի կարողանանք մեր երկիրը շենացնել, մեր առջեւ ծառացած բոլոր դժվարությունները հաղթահարել եւ մեր կյանքը երջանիկ դարձնել, մեր երկիրը` հզոր, շեն ու բարեբեր` մեր ժողովրդի համար, եւ արժանանալ մեր նախնիների, մեր հայրերի սուրբ օրհնության», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը կոչեց ուխտավորներին ուխտագնացությունը գեղեցիկ առիթ դարձնել` Աստծո հետ հաղորդակցվելով բացահայտելու իրենց ինքնությունը, ճանաչելու Հայրենիքը, զորանալու սիրո մեջ առ Աստված եւ առ Հայրենին:
Հանդիպումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով: