Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին, 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ծիծեռնակաբերդում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա հուշահամալիրի անմար կրակի մոտ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ 1915թ. Մեծ Եղեռնի անմեղ նահատակների:
Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Մայր Աթոռի միաբաններ, պետական այրեր:
* * *
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը:
Պատարագի ավարտին Մայր Աթոռի միաբանների թափորն ուղղվեց դեպի` Մայր Տաճարի հարեւանությամբ ի հիշատակ Եղեռնի նահատակների կանգնեցված Աղոթքի եւ ուխտի խաչքարը, որի մոտ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հոգեհանգստյան արարողություն: