Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 10-ամյակի առիթով իր շնորհավորական ուղերձն է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը:
Շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին Ս. Գրիգոր Լուսավորչի գահին բազմելու տասներորդ տարեդարձի առիթով` Կիրիլ Պատրիարքը մասնավորապես նշում է. «Ողջ քրիստոնյա աշխարհին են հայտնի բազմամիլիոն հայոց Սփյուռքի համախմբմանն ուղղված Ձեր ջանքերը: Դուք ընդունել եք Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի ծառայական լուծը պատմական բարդ ժամանակահատվածում, ինչը պահանջեց Ձեզանից առավելագույն ինքնանվիրում, իմաստություն ու խիզախություն եկեղեցական կյանքի վերածննդի գործում:
Ձեր Հովվապետական ծառայության տարիներին մեր Եկեղեցիների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունները հասան որակական մեկ այլ մակարդակի եւ ձեռք բերեցին այլ չափանիշներ: Մենք զարգացնում ենք աշխույժ երկխոսություն եւ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում, բայց նախեւառաջ` ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանության գործում: Հավատում ենք, որ հետայսու եւս, Ձեր ջանքերի շնորհիվ, մեր Եկեղեցիների փոխհարաբերությունները կհատկանշվեն սիրո եւ եղբայրական փոխըմբռնման ոգով»: