Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց ՌԴ հասարակական բարձրագույն շքանշան
Օգոստոսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովին:
Հանդիպման ընթացքում պրն. Տրապեզնիկովը Նորին Սրբությանը հանձնեց «Հայրենյաց հպարտություն» ռուսական բարեգործական հիմնադրամի կողմից Վեհափառ Հայրապետին շնորհված ՌԴ հասարակական բարձրագույն պարգեւ՝ «Ռուսաստանի հպարտություն» ոսկե շքանշանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսին շքանշանը տրվել է ի գնահատություն աշխարհի ժողովուրդների հոգեւոր միավորման գործում ունեցած ավանդի, հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման, ինչպես նաեւ խաղաղարարական գործունեության համար:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: