Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի մրցանակը
Հունվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա` մասնակցելու Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի «Ուղղափառ ժողովուրդների միասնության ամրապնդման գործում հատկանշական գործունեության, հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման եւ ամրապնդման համար» Ալեքսի Բ Պատրիարքի անվան 2009 թ. մրցանակի տվչության արարողությանը: Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի մրցանակը շնորհվում է պետությունների, կառավարությունների և խորհրդարանների ղեկավարների, Եկեղեցիների հովվապետերի, հասարակական խոշոր գործիչների` ուղղափառ հանրության կյանքում քրիստոնեական բարոյագիտության բարձր արժեքների հաստատման, Արեւելյան քրիստոնեության միջավայրում պատմականորեն ձեւավորված պետությունների տնտեսական եւ քաղաքական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Հունվարի 21-ին Մոսկվայի Սուրբ Ամենափրկիչ տաճարի եկեղեցական ժողովների սրահում Նորին Սրբություն Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ն, ով նաեւ Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Վեհափառ Հայրապետին եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հանձնեց ուղղափառ աշխարհում հեղինակավոր այդ մրցանակը: Կիրիլ Պատրիարքի եւ Հիմնադրամի նախագահ Վ. Ալեքսեեւի կողմից մրցանակներ շնորհվեցին նաեւ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցային (Սերբիա) եւ Ս. Վլադիմիրի ուղղափառ հոգեւոր ճեմարանին (ԱՄՆ):
Պարգեւների հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում ներկաներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: Շնորհակալություն հայտնելով Կիրիլ Պատրիարքի գլխավորած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին` Նորին Սրբությունն իրեն շնորհած մրցանակը նկատեց իբրեւ վկայություն հավատակից երկու ժողովուրդների, Եկեղեցիների ու պետությունների բարեկամական հարաբերությունների:
«Աստծո կամքով օրհնվել է Քրիստոսի հանդեպ սիրո վեմին հաստատված եղբայրությունը մեր Եկեղեցիների, օրհնվել է մեր ժողովուրդների բարեկամությունը, եւ նույնական են դարձել մեր երկրների շահերը: Հայ-ռուսական դարավոր բարեկամությունը կռվել ու թրծվել է մեր ժողովուրդների կողք կողքի պայքարով, կողք կողքի արարումով: Այն վկայված է հոգեւոր, մշակութային, քաղաքական, տնտեսական հաստատուն ու ամուր կապերով, մտավոր եւ գիտական ձեռքբերումներով, անշրջելի ու հարաճուն գործակցությամբ եւ ներթափանցել է ընտանեկան հարկերից ներս: Հիրավի, աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չեղավ եւ խոչընդոտ չէ մեր երկրների դաշնակցության»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր եղբայրությանը: Հայոց Հովվապետը կարեւոր նկատեց ջանքերի մեկտեղումը` հանուն մեր երկրների զորացման, կյանքի բարօրության եւ երջանկության, ժողովուրդների առջեւ ծառացող խնդիրների հաղթահարման: Խոսելով հոգեւոր կյանքի վերածննդյան կարեւորության մասին` Վեհափառ Հայրապետը նշեց. «Առ Աստված հավատքի, հոգեւոր-բարոյական արժեքների զորությամբ է, որ մարդկային հոգում անշրջելի պիտի լինի ընդհանուր բարիքի ձգտումը եւ բարի արգասիքներ պարգեւեն խաղաղության, արդարության, ազատ ապրելու իրավունքի հիմնարար սկզբունքները»:
Նորին Սրբությունը մաղթեց, որ Բարձրյալի սերը եւ հանապազ առաջնորդությունը ուղեկից լինեն մեր ժողովուրդներին, մեր երկրների պետական այրերին, մեր Եկեղեցիների ուխտապահ հոգեւոր դասին, որպեսզի մեր կյանքով ու գործերով Աստված փառաբանվի եւ շենանան մեր Հայրենիքները եւ ամուր մնա ու հարատեւի մեր բարեկամությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մրցանակի գումարը փոխանցեց Երեւանում կառուցվող ռուս ուղղափառ եկեղեցու հիմնադրամին:
Մոսկվա այցի ընթացքում Նորին Սրբությունը Կրեմլի Ս. Աստվածածնի վերափոխման տաճարում ներկա գտնվեց նաեւ Կիրիլ Պատրիարքի կողմից մատուցված Ս. Պատարագին, որի ավարտին երկու Հովվապետերը հանդես եկան պաշտոնական խոսքով:
Նույն օրը Վեհափառ հայրապետը հանդիպում ունեցավ Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Վոլոկալամի Իլարիոն արքեպիսկոպոս Ալֆեեւի հետ: