Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հունգարիայի եկեղեցիների ներկայացուցիչների հանդիպումը
Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 31-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի թիվս բազմաթիվ հանդիպումների, հանդիպում ունեցավ նաև Հունգարիայի Կաթոլիկ Եկեղեցու ներկայացուցիչ Գուստավ եպիսկոպոս Բոլսկեի և Հունգարական Եկեղեցիների Խորհրդի գլխավոր քարտուղար դոկտոր Վիլմոս Ֆիսչելի հետ:
Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Հունգարիայի իշխանությունների կողմից սպա Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին արտահանձնման խնդրին: Վեհափառ Հայրապետը, ցավով արձանագրելով, որ կատարվածը մեծապես ստվերել է հայ-հունգարական բարեկամությունը, նշեց, որ նման երևույթներն անընդունելի են և իբրև ազգատյացության քարոզչություն համընդհանուր դատապարտության պետք է արժանանան:
Հունգարական եկեղեցիների ներկայացուցիչներն իրենց հերթին դատապարտեցին Հունգարիայի կառավարության կատարած քայլը:
Զրույցի ընթացքում Հունգարիայի եկեղեցիների պատվիրակությունը նաև իր աջակցությունը հայտնեց ԵՀԽ 10-րդ համաժողովում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ քննարկվող բանաձևին և պատրաստակամություն հայտնեցին իրենց ամբողջական մասնակցությունն ու աջակցությունը բերելու տարելիցի առիթով Հայոց Եկեղեցու կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդունեց Հունգարիայի ներկայացուցիչների պատրաստակամությունը` նրանց բերելով իր գնահատանքն ու օրհնությունը: