Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը բանակի օրվա եւ Հայոց բանակի 15-ամյակի առիթով

Բանակի օրվա եւ Հայոց բանակի 15-տարեդարձի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության խոսք է ուղղել Հայոց բանակի զորավարներին ու զինվորներին եւ ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին:

Հայրապետական ուղերձում ասվում է.

-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորում Հայոց Բանակի զորավարներին ու զինվորներին եւ ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին` Բանակի օրվա եւ Հայոց Բանակի 15-րդ տարեդարձի առիթով:

Հայրենիքի համար մղված հերոսամարտերում ծնունդ առավ եւ կազմավորվեց մեր Բանակը` իր քաջարի եւ աննկուն ոգով ձեռք բերելով հաղթանակներ, որոնցով ազատագրվեց Արցախը եւ խաղաղություն հաստատվեց Հայաստանի սահմաններում:

Գոհություն Աստծուն, առավել համալրված ու զորացած` մեր բանակը շարունակում է իր մշտարթուն ծառայությունը Հայրենիքին` իբրեւ ավանդ սերունդներին փոխանցելով հայրենասիրության ու նվիրումի, հավատավոր հոգու արիության այն օրինակները, որոնցով տասնհինգ տարիներ առաջ հերոսական նոր էջեր գրվեցին մեր պատմության մեջ: Բարձր մարտունակությամբ ու լավագույն պատրաստականությամբ ճանաչված Հայոց Բանակն այսօր իր գնահատելի մասնակցությունն է բերում նաեւ միջազգային զորախմբերի խաղաղապահ առաքելություններին:

Տոնական եւ հիշարժան այս առիթով աղոթում ենք հայ քաջորդիների հոգիների համար, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ի սեր մեր Հայրենիքի, ի սեր ազատության ու խաղաղության: Հայցում ենք Բարձրյալից, որ Իր շնորհի եւ օրհնության ներքո պահպանի մեր Բանակի հրամանատարներին ու մարտիկներին` պարգեւելով կյանքի երջանիկ ու երկար օրեր եւ հաջողություններ` մեր Հայրենիքին ծառայության մեջ: Թող Տերը խաղաղություն պարգեւի համայն աշխարհին, խաղաղ ու ապահով պահպանի Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Թող միշտ ապրեն պանծալի հիշատակները եւ հավատավոր ոգին Հայոց Բանակի:

Օրհնությամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ