Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Ս. Վարդանանց տոնի առիթով
Հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Մարտի 3-ին, Ս. Վարդանանց տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող Էջմիածնի Հայորդյաց տանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն: Միջոցառումը կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Երեւանի Պետական Համալսարանի համատեղ ջանքերով:
Հանդիսությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, Մայր Աթոռի միաբաններ, ԵՊՀ ուսանողներ եւ ճեմարանականներ:
Տերունական աղոթքին եւ ՀՀ օրհներգին հաջորդեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բացման խոսքը: «...Սերն ու հավատն է, որ ազնվացնում է մեզ: ...Միայն քաջասիրտ, հայրենասեր, հավատքին նվիրված մարդն է, որ բարոյապես, ֆիզիկապես եւ հոգեպես արժանի է հավերժ ապրելու», - նշեց ԵՊՀ ռեկտորը` ամենքին շնորհավորելով Սրբոց Վարդանանց տոնի առիթով եւ երիտասարդներին մաղթելով իրենց սրտերում արթուն պահել Վարդանանց անմար հավատքն ու սխրանքը, վճռական լինել հայրենիքի ազատության ու հավատքի ամրապնդման մեջ:
Այնուհետեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով իր պատգամն ու օրհնությունը հղեց երիտասարդներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
պատգամը Ս. Վարդանանց տոնի առիթով
տեսանէ զաներեւոյթ յստակ լոյսն ճառագայթից իմանալի արեգական»
(Եղիշե)
«Որ կորուսցէ զանձն իւր վասն աւետարանին«
ապրեցուսցէ° զնա» (Մարկ. 8.35):
Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ, որ համախմբվել եք հանդիսավոր միջոցառմամբ նշելու Սրբոց Վարդանանց տոնը: Գոհունակություն է Մեզ համար, որ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի սաներ եւ առաջին անգամ Երեւանի պետական համալսարանի սաներ դասախոսների առաջնորդությամբ, իրենց միասնական մասնակցությամբ պիտի շուք հաղորդեն այս հանդիսությունը: Այս առիթով Մեր գնահատանքի խոսքն ենք ուղղում Երեւանի պետական համալսարանի հարգարժան ռեկտորին եւ ռեկտորատի բարեջան անդամներին, Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսչին եւ տեսչությանը, սիրելի դասախոսներին ու սաներին` բոլորիդ շնորհավորելով Վարդանանց ազգային մեծ տոնի եւ ձեր անվանակոչության առիթով:
Սիրելի զավակներ Մեր, այսօր հոգու խնդությամբ ենք նշում տոնը Սրբոց Վարդանանց, ովքեր խիզախության ու անձնազոհության, Հայրենյաց սիրո ու պայծառ հավատքի մեծագույն օրինակը տվեցին հավատավոր մեր ժողովրդին: Մեր պատմությունը հաճախ է գրվել նահատակների ու մարտիրոսների արյամբ, սակայն նրանց քաջագործությամբ է, որ հարատեւել է մեր ազգը, փորձություններ հաղթահարել եւ շենացրել իր Հայրենիքն ու Եկեղեցին:
Կան հաղթանակներ, որոնք հավերժի խորհրդով են դրոշմված եւ նման Քրիստոսի խաչակրության` բերում են հարություն ու կյանք, ոգեշնչում, անկոտրում ոգի եւ զորացնող քաջալերություն ազգին: Վարդանանց այսօրինակ սխրանքն է, որ պայքարների ու մաքառումների մեջ ազգիս հայոց եղավ հառնելու եւ հայրենաշեն ու ազգաշահ գործեր կերտելու անսպառ ոգեշնչում, դժվարությունների մեջ եղավ հավատքի եւ հույսի լուսավառ փարոս ու նորանոր մեծ հաղթանակների առաջնորդեց մեր ժողովրդին: Ավետարանի համար կյանքը տալու Քրիստոսի պատվերը, որ իրագործված ենք տեսնում Սուրբ Վարդանանց հերոսության մեջ, պատվեր է յուրաքանչյուր մարդու, նաեւ ողջ աշխարհին` հոգեւորը կարեւորելու, բարձր արժեքներով առաջնորդվելու, որո°վ միայն մարդը կարող է փրկել ու ապրեցնել իր անձը, իր նվիրական Հայրենիքը ու սիրելի ժողովրդին: Մեր ազգի ուժը առաքելահաստատ հավատքի մեջ է, որ լուսավառ է հայորդյաց հոգիներում մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքո: Դարեր շարունակ աննկուն հավատքով եւ հոգու զորությամբ է հարատեւել մեր ժողովուրդը, հոգեւորն է եղել այն հիմքն ու վեմը, որի վրա հաստատուն են մնացել մեր ինքնությունը, մշակույթը, ազգային ինքնագիտակցությունը, որոնցով պայքարել ենք ու հերոսացել հանուն Հայրենիքի ու հավատքի, հանուն մեր պետականության հաստատման ու առաջընթացի: Քրիստոսասեր մեր ժողովուրդը հոգու անպարտելիությամբ է հարատեւել, քանզի մարմինը կարող է եւ պարտվել, բայց ոչ ոք չի կարող պարտության մատնել հավատավոր հոգին: Այս համոզումով է, որ եկեղեցական այրերը եւ նախարարները պատասխան գրեցին հավատափոխություն եւ ուրացում պարտադրող թշնամուն` ասելով. «Յայսմ հաւատոց զմեզ ոչ ոք կարէ խախտել ...աւասիկ կամք զբոլոր մարմինս տուեալ ի ձեռս քո© վաղվաղակի արա զինչ եւ կամիս: Ի քէն տանջանք եւ ի մէնջ յանձնառութիւնք»: Այս համոզումով է, որ իր հավատքն ու Եկեղեցին պաշտպանելու ելած ժողովուրդը ձայնում էր. «Նախ զմեր պարանոցս հատէք« եւ ապա յեկեղեցին ձեռնարկեցէք»: Պատմության ընթացքներում մեր ժողովրդի հերոսական պայքարներին ականատես թշնամիները հասկանում էին, որ հայ ժողովրդին անհնար է հաղթել ու ընկճել, քանի դեռ զորավոր է հավատքը, քանի դեռ հայոց հոգում փայլում է նվիրումն ու հավատարմությունը հանդեպ Քրիստոս եւ Նրա Սուրբ Եկեղեցին, ու ջանում էին տկարացնել հայոց հավատքի զորությունը: Ցավով ենք անդրադառնում, որ այսօր չեն դադարել մեր ժողովրդին իր հայրենական սրբություններից, ազգային ինքնագիտակցությունից զրկելու փորձերը, եւ նույն կերպ շարունակվում են հարվածներ ուղղվել դեպի հայոց հավատքի անառիկ բերդը: Հնօրյա թշնամիների պես շատերն են փորձում նաեւ մեր օրերում հարձակվել Եկեղեցու վրա, աղճատել հայոց բյուրեղյա հավատքը, որպեսզի թուլանա ու տկարանա մեր ազգը, կորցնի վճռականությունը` ապրելու ու պայքարելու «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»: Աղանդավորական կազմակերպություններ եւ օտար գաղափարախոսություններ փորձում են քարկոծել հայոց գիտությունը, դպրությունն ու մշակույթը, մեր ազգի ու հայրենյաց գոյությունը դարերի հոլովույթում պահպանած ու պաշտապանած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Եվ եթե հնում օտարներն էին չարահնար հարձակումներ գործում մեր հավատքի, մեր Եկեղեցու վրա, ապա այսօր այդ սրբապղծությունը ջանում են իրականացնել նաեւ ձեռամբ հայորդիների` աղանդավորների թակարդն ընկած մոլորյալների եւ կամ սրբություն չհանդուրժող անձերի, ինչպես նաեւ` վայ մտավորականների: Վստահ ենք, որ պատմությունը արդարացիորեն դատապարտելու է այդպիսիններին, ինչպես դատապարտվել են մատնիչներն ու ուրացողները: Վարդանանց պայքարի ելած բարեպաշտ մեր նախնիք բարձրաձայնում են, որ աստվածաշնորհ հավատքը անբաժանելի է Սուրբ Եկեղեցուց. «Մեզ իբրեւ Հայր ճանաչում ենք Սուրբ Ավետարանը եւ մայր` Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Այո°, սրբություն է Քրիստոսի առաքյալների կողմից հաստատված Հայոց Սուրբ Եկեղեցին, ազգային մեծագույն սրբություն, եւ մայրն է հավատավոր մեր ժողովրդի, որ սնում է իր զավակներին երկնապարգեւ օրհնություններով ու շնորհներով` հաստատելով հավատքը բարեպաշտ հոգիներում:
Սիրելիներ, Վարդանանց հերոսությունը մեզ համար միայն պատմություն կամ հիշողություն չէ, այն կենդանի խորհրդանիշ է բարու պայքարի, որ միշտ պիտի մղենք: Արդի ժամանակներում Հայրենիքում եւ Սփյուռքում բազմաբնույթ մարտահրավերներ ու խնդիրներ են հառնում մեր ժողովրդի կյանքից ներս: Եվ այսօր մեզ պետք է Վարդանանց ոգին, քաջալերությունը` ազգի միությունն ու միաբանությունը ամրապնդելու, մեր հավատքը զորացնելու, զերծ պահելու Հայրենիքը վտանգներից, հայ ընտանիքը` տկարանալուց, հայոց լեզուն` աղարտվելուց: Ավարայրը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտություն կա պայքարելու մեր Հայրենիքի անսասանության, մեր պետականության զորացման, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության, մեր սրբազան արժեքների պահպանության համար: Նախանձախնդիր ու եռանդուն ջանքեր ներդնենք` մեր գործերում, առաքելության ու ծառայության մեջ հաջողություններ ունենալու, քանզի յուրաքանչյուրիս առանձին հաղթանակը բարիք է ազգի համար, եւ համայն ազգի հաղթանակը փառք է բոլորիս համար:
Թող Տերը Սրբոց Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն պարգեւի ողջ աշխարհին, Իր բյուր շնորհները սփռի համայն մարդկության վրա ու պահպանի մեզ ամենքիս Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո սխրանքի ու արիության ոգու մեջ, որպեսզի Սուրբ Վարդանի խոսքով երբեք մեր քաջությանը վատություն չխառնենք, եւ Մեր զավակների շուրթերից առանձնակի հպարտությամբ շարունակի հնչել. «Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս եւ արժանի գրոյ յիշատակի»:
Շնո°րհք« ողորմութիւն« խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ« եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր« ճշմարտութեամբ եւ սիրով եղիցի ընդ ձեզ (Բ Հովհ. 1.3). ամէն»: