Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առիթով

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Հայրապետական ուղերձում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս:

Պարծանքով ու փառքով լեցուն ազգային մեր տոնի խորհրդով ուրախ են այսօր մեր հոգիները: 19 տարի առաջ նվիրական այս օրն էր, որ իրագործվեց ազատ եւ անկախ պետականություն ունենալու դարավոր մեր տեսիլքը: Տոնական խնդության հետ հույսերով ենք լեցուն, որ ազատ ու ինքնիշխան մեր երկիրը ազգիս միասնական ջանքերով պիտի զորանա ու բարգավաճի եւ համախմբած ի սփյուռս աշխարհի իր զավակներին, դառնա հայ կյանքի պատվարն ու հենարանը:

Գոհություն բարձրացնենք առ Աստված եւ բազմապատկենք մեր նվիրումն ու ջանքերը` շարունակելով աննվազ նախանձախնդրությամբ խնամք ու հոգածություն բերել` ի սեր հայրենի երկրի, հոգեւոր եւ ազգային մեր կյանքի առաջընթացի:

Միածնաէջ Սրբություն Սրբոց Մայր Տաճարից աղոթք բարձրացնելով առ Բարձրյալն Աստված` հայցում ենք, որ երկնային շնորհների ու օրհնության ներքո խաղաղ ու բարօր ապրի համայն մեր ժողովուրդը` միշտ ուրախ ու հոգենորոգ իր ազատ կյանքի նոր հաղթանակների ու ձեռքբերումների պարծանքով»: