Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Գրողների համահայկական 6-րդ համաժողովին
Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը մասնակցեց Գրողների համահայկական վեցերորդ համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում համաժողովի մասնակիցներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի ուղերձը:
Հայրապետական ուղերձում մասնավորապես ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Գրողների համահայկական 6-րդ համաժողովի պատվարժան մասնակիցներիդ:
Այս տարի, երբ նշվում է հայ գրատպության 500-ամյակը, և քաղաքամայր Երևանը հռչակված է գրքի համաշխարհային մայրաքաղաք, խորհրդանշական է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրողներիդ համախմբումը Հայրենիքում` քննարկելու հայ գրականության անդաստանում առկա խնդիրները և գրական գործունեությունը առավել արդյունավորելու ծրագրերը: Համաժողովի հրավիրումը նաև բարեպատեհ առիթ է սերտացնելու հաղորդակցությունն ու գործակցությունը միմյանց հետ և ամրապնդելու ոգին` ստեղծագործական ուղիով նպաստելու ազգային մեր կյանքի շենացմանը:
Յուրաքանչյուր ազգի կյանքում մեծապես կարևոր է գրողի առաքելությունը, որի հիմնական նպատակն է գրական ստեղծագործություններով ներկայացնել կյանքի ճշմարիտ արժեքը, մարդկային հույզերի ու երազանքների վսեմ դրսևորումները` ընթերցողներին բերելով քաջալերությունը դժվարությունների դիմագրավման և բարօր ու լուսավոր ապագայի կերտման: Գրողը իր վեհ գաղափարներով առաջնորդող է դառնում հասարակության, ձևավորում ներաշխարհ ու համընդհանուր մտածողություն, լինում անհատի ու իրականության բարեփոխման ներշնչող օրինակ: Գրքերն արժեքավոր են, երբ զորություն են տալիս արդարության, ճշմարտության, առաքինության, ազնվության, սիրո ձգտումներին` մտքի կենսագործող հատկությամբ դառնալով ոգեշնչման աղբյուր, կատարելության մղող ազդակ: Մտքի կենարար ուժն է շեշտում նաև Աստվածաշունչը` ասելով. «Աղբիւր կենաց են միտք, որոց ունիցին զնա» (Առակ. 16.26): Այս գիտակցությամբ և նախանձախնդրությամբ են մեր երախտարժան գրական գործիչները արդյունազարդել իրենց առաքելությունը, որը նոր ուժականություն ստացավ հինգ հարյուրամյակներ առաջ հայ գրատպության սկզբնավորումով: Այսօր դուք` գրչի մշակներդ, կոչված եք շարունակելու մեր բազմադարյա գրական ուղին ու ավանդույթները` արարելով բեղուն նոր արգասիքներ, որոնցով հայոց գրականությունը, մեր ոսկեղենիկ լեզուն սիրելի պիտի մնան հայ մանկանն ու երիտասարդին, նպաստեն նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, ամրապնդեն մեր ժողովրդի ազգային գիտակցությունը և մշտապես հորդորեն հայրենանվեր ու ազգաշեն գործերի:
Սիրելիներ, Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում համաժողովի կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներիդ և մաղթում, որ ձեր գրական ստեղծագործությունները արժանի տեղ գրավեն մեր դասական հեղինակների գործերի ընտրանիում:
Աղոթում ենք, որ Աստված օրհնի մեր ժողովրդի կյանքը և մշակույթի ու գրականության նվիրյալների ջանքերը` ի սեր մեր լուսավոր գալիքի:
Աճեցէ´ք շնորհօք եւ գիտութեամբն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Նմա փա´ռք` եւ այժմ եւ յօրն յաւիտենից. ամէն (Բ Պետ. 3.18)»: