Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
(31 դեկտեմբերի, 2010 թ.)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական իր ուղերձն է հղել աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին Ամանորի առիթով:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս եւ ի Սփյուռս.

Հուսառատ հոգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում ամենքիդ եւ Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքները` հավատքով պայծառ, խինդով լեցուն, բարիքով առատ նոր տարվա:

Տարեմուտի այս երեկո գոհություն ենք հայտնում եւ փառք մատուցում Տիրոջը, որ եւս մեկ տարվա խաղաղ կյանքի պարգեւը շնորհեց Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկրին եւ անխռով պահեց Սփյուռքի մեր համայնքները: Փառք ենք մատուցում Տիրոջը, որ առիթներ ունեցանք ուրախանալու հայրենաշեն ու ազգանվեր գործերով, հաջողություններով ազգային եւ եկեղեցական մեր կյանքում: Ազգս հայոց քաջարի ոգով աննվազ ջանք ու աշխատանք գործադրեց` հաստատուն պահելու իր ընթացքը դեպի շեն ու ծաղկուն երկիր կերտելու տեսիլքը, ջանք ու աշխատանք գործադրեց` դիմակայելու տնտեսական ընդհանուր ճգնաժամով, նաեւ մեր երկրի շրջափակումով պայմանավորված դժվարություններն ու մարտահրավերները:

2011 թվականին լրանում է 20-ամյակը մեր անկախ պետականության, որը նոր, հաղթական, ոսկեգիր էջն է մեր պատմության, լուսաշող նոր առավոտը` մեր ազգային զարթոնքի եւ մեր հոգեւոր կյանքի պայծառության: Հավատքով, նորոգված հավատքով դիմավորենք նոր տարին, դիմավորենք կամքով ու վճռականությամբ, որ առավել ու առավել ջանքեր եւ հոգածություն պիտի բերենք ի սեր մեր Հայրենիքի ազատ ու վերածնվող կյանքի, մեր պետականության ամրության, ազգային մեր իղձերի մարմնավորման եւ մեր արդար դատի պաշտպանության: Հայրապետական Մեր հորդորն ենք հղում ձեզ, սիրելի աշխարհասփյուռ զավակներ Մեր, ամրացնենք սերը մեր կյանքում, ապագայի հանդեպ հավատն ու վստահությունը, լավատեսության ոգին, եւ մեր ապավինությունը, որ ունենք առ Աստված: Մեր հույսն ու հավատքը պիտի լուսավորեն նոր ուղիներն ու հորիզոնները մեր կյանքի: Չտարակուսենք փոխել, ինչ որ անհրաժեշտ ենք գտնում փոխելու ի նպաստ մեր նպատակների մարմնավորման: Չվարանենք պաշտպանել, զորակից ու սատար լինել այն ամենին, ինչը բարիք ու առաջընթաց կբերի մեր պետական ու հասարակական, ազգային ու հոգեւոր կյանքին: Ամուր պահենք հայ ինքնությունը, որը արտահայտվում է ոչ միայն ազգային պատկանելությամբ, այլեւ` Հայրենիքի հանդեպ նվիրումով, մեր նախնյաց ժառանգության արժեւորումով, մեր ժողովրդի նկարագրի անբաժանելի մասը դարձած քրիստոնեական արժեքների հանդեպ հավատարմությամբ ու նախանձախնդրությամբ:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, քիչ անց նոր տարվա գալուստով պիտի ղողանջեն Սուրբ Էջմիածնի եւ հայոց սուրբ եկեղեցիների զանգերը: Մեր Տիրոջ Իջման Սուրբ Սեղանի առջեւ եկեղեցականների եւ հավատավոր մեր զավակների հետ նոր տարվա անդրանիկ մեր աղոթքը պիտի բարձրացնենք առ Աստված` հայցելով աշխարհին եւ Հայրենի մեր երկրին խաղաղություն ու բարօրություն, հայրենի իշխանություններին` շարունակական ձեռքբերումներ, ազգիս հայոց` առատ արգասիքներ, Հայոց բանակին` զորություն, հայ ընտանիքներին` ամրություն: Ամենակարող Երկնավորից պիտի հայցենք զորակցություն կարոտյալ մեր զավակներին. վշտացյալներին` մխիթարություն, հիվանդներին` ապաքինություն, նեղության մեջ գտնվողներին` ապավինություն:

Թող Աստված` պարգեւատուն բարիքների, առատացնողն ու արդարացնողը հույսերի, ընդունի մեր աղոթքը եւ օրհնի ամենքիս ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս` այսօր եւ միշտ եւ հավիտյան:

Շնորհավոր նոր տարի»: