Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը
Մայիսի 9-ի` Հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել համայն հայ ժողովրդին: Ուղերձում մասնավորապես ասվում է.
ՙՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն հավատավոր Մեր ժողովրդին` Հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով:
Մայիսի 9-ը, որ մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով, Հայրենիքի պաշտպանության պանծալի խորհուրդն ունի մեզ համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած քաջարի հայորդիք` նշանավոր զորահրամանատարներ ու արիասիրտ զինվորներ, անձնվիրումով ու հերոսաբար պայքարեցին հանուն աշխարհում խաղաղության հաստատման: Հայրենասեր ու քաջարի նույն ոգով մեր ժողովրդի զավակները ազատագրեցին Շուշին` մեծ հաղթությամբ պսակելով արցախյան ազատամարտը եւ ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի արդար իրավունքը:
Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջեւ գոհություն եւ փառաբանություն ենք առաքում Բարձրյալն Աստծուն, որ խաղաղ երկնակամարի ներքո պահպանում է մեր Հայրենիքը եւ Քրիստոսասեր մեր ժողովրդին ողջ աշխարհում: Հայցում ենք, որպեսզի Ամենախնամ Տերը երկնային զորակցությամբ արդյունավորի հանուր հայության ջանքերը` ի խնդիր ազգային-եկեղեցական կյանքում նորանոր ձեռքբերումների, հայրենի երկրի բարգավաճման եւ հավատքով պայծառ, գիտությամբ ու մշակույթով ծաղկուն գալիքի:
Բյուր աղոթք եւ օրհնություն Հայրենի մեր երկրի պաշտպանության համար նահատակված հայորդիների լույս հիշատակին:
Թող Հայրենիքի պաշտպանության պարծանքը միշտ փայլի մեր ժողովրդի հոգում: Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, օրհնությունն ու խաղաղությունը լինեն մեզ հետ եւ բոլորի, այսօր եւ միշտ. ամեն՚: